Նուրսուլթանում բացվել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արձանը (լուսանկար)
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առցանց ձևաչափով մասնակցել է մայրաքաղաք Նուրսուլթանում երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի բացմանը: Այս մասին գրում է Tengrinews.kz կայքը:
Հուշարձանը տեղադրված է Պաշտպանության ազգային համալսարանում:
Իր ելույթում երկրի նախագահը նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևը ժամանակակից Ղազախստանի հիմնադիրն է, որը ստեղծել է անկախ պետության ռազմավարական ուղին և միավորել է ժողովրդին` ընդհանուր նպատակին հասնելու համար:
«Խաղաղությունն ու կայունությունը, բարգավաճումն ու միասնականությունն առաջնորդի կշռադատված քաղաքականության արդյունքն են: Ամեն պետության պատմության մեջ կան անձեր, որոնք անջնջելի հետք են թողել: Աճող սերնդի պարտքն է գնահատել և հարգել նրանց վաստակը»,-հայտարարել է նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով` հուշարձանի տեղադրումը Պաշտպանության ազգային համալսարանում խորհրդանշական է, քանի որ Ղազախստանի զինված ուժերը ստեղծվել են առաջին նախագահի հրամանով:
Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի մարտի 19-ը:











