Թրամփը կոնֆեդերատների հուշարձանների քանդման ֆոնին հայտարարել է ԱՄՆ-ում «ազգային հերոսների քանդակներով այգի» ստեղծելու մասին

11:54 • 04.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կոնֆեդերատների հուշարձանների քանդման ֆոնին հայտնել է, որ ազգային հերոսների քանդակներով այգի ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրելու, գրում է The Hill-ը։

«Ես հայտարարում եմ մեր անցյալի հերոսների պատվին նոր հուշարձանների համալիրի ստեղծման մասին։ Ես հրամանագիր կստորագրեմ ամերիկյան հերոսների ազգային այգի՝ բաց երկնքի տակ մեծ այգի ստեղծելու մասին, որտեղ կլինեն մեծագույն ամերիկացիների արձանները»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի մոտ:

Թրամփի հրամանագրից հետևում է, որ «ամերիկյան հերոսների ազգային այգի» նախագծի իրականացման համար հատուկ աշխատանքային խումբ կստեղծվի Ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին, 60 օրվա ընթացքում խումբը նախագահին պետք է զեկուցի այգու ստեղծման վերաբերյալ իր առաջարկները։

Հրամանագրում նշվում են 31 քաղաքական գործիչների անուններ, այդ թվում՝ Ջոն Ադամսի, Սյուզան Էնթոնիի, Բենջամին Ֆրանկլինի, Ջեյմս Մեդիսոնի, Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Վաշինգտոնի և այլոց հուշարձանները։

Հատուկ նշվում է, որ բոլոր արձանները պետք է լինեն իրատեսական, այլ ոչ թե «վերացական կամ մոդեռնիստական պատկերներ»։

Այգին պետք է բացվի մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը՝ ԱՄՆ-ի  Անկախության 250-րդ տարեդարձի օրը։

Կոնֆեդերատների, ինչպես նաև անցյալի մի շարք այլ քաղաքական գործիչների հուշարձանների քանդումը, որոնք հանդես են եկել ստրկության պահպանման օգտին, սկսվել է այս տարվա մայիսին՝ Մինեապոլիսում իրավախախտ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

ԱՄՆ նախագահի այցը Հարավային Դակոտա նվիրված է եղել ԱՄՆ Անկախության օրվան։