Միլիոնավոր ֆունտ և եվրո արժույթով թղթադրամներ, զենք, տոննաներով թմրանյութ և 1000-ից ավելի ձերբակալվածներ. Եվրոպոլը խոշորագույն հանցավոր գործունեություն է բացահայտել
Ֆրանսիայի, Նիդերլանդների և Անգլիայի ոստիկանությունն իրականացրել է պատմության մեջ խոշորագույն գործողությունն՝ ընդդեմ կազմակերպված հանցավորության: Ինչպես հայտնում է BBC-ն, ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել, առգրավվել է զենք, միլիոնավոր ֆունտ ստերլինգ և եվրո արժույթներով թղթադրամներ, տոննաներով թմրանյութեր:
Խոշորագույն բացահայտումը տեղի է ունեցել, երբ ոստիկանությանը հաջողվել է վերծանել գաղտնի խոսակցությունները կասկածյալների միջև: Venetic անվանումը ստացած գործողության մասին երեք երկրի ուժային կառույցները հայտնել են միաժամանակ:
Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 746 մարդ, Նիդերլանդներում՝ 100-ից ավելի, Ֆրանսիայում չեն նշել բերման ենթարկվածների հստակ թիվը՝ հայտնելով միայն, որ խոսքը դարձյալ հարյուրավոր ձերբակալվածների մասին է: Նրանց անուններն ու դերակատարությունը հանցավոր գործունեության մեջ ոստիկանությունը դեռ չի բացահայտում:
Իշխանությունների խոսքով՝ բարձրաստիճան աշխատակիցներ ձերբակալվածների շրջանում չկան: Անգլիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունից հայտնել են, որ համատեղ գործողություններն իրականացվել են 2016 թվականից սկսած և համակարգվել են Եվրոպոլի միջոցով:
Բրիտանիայում ձերբակալվածներից առգրավվել է 54 մլն ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, ավելի քան 2 տոննա թմրանյութ, որից մեկուկես տոննան՝ կոկաին, 28 մլն դեղահաբ, 77 միավոր զենք,այդ թվում՝ «Կալաշնիկով» հրացաններ, ինչպես նաև պրեմիում դասի 55 ավտոմեքենա:
Նիդերլանդներում ձերբակալվածներից առգրավվել է շուրջ 20 մլն եվրո, 8 տոննա կոկաին, 1.2 տոննա մետամֆետամին: Ֆրանսիան առգրավված իրերի տվյալներն ավելի ուշ կհայտնի:
Կասկածյալներին մեղադրանք կառաջադրվի սպանության, մահափորձերի, թմրանյութերի վաճառքի, կողոպուտների և փողոցային հարձակումների մեջ:
Գործողություններն արդյունք են տվել, քանի որ ոստիկաններին հաջողվել է կոտրել EncroChat բջջային հավելվածը: Բրիտանական ոստիկանության կարծիքով՝ հավելվածից օգտնվել է ավելի քան 60 000 մարդ, այդ թվում 10 000-ը՝ Բրիտանիայում: Ֆրանսիական ժանդարմերիայում կարծում են, որ նրանց 90 տոկոսը ներգրավված են հանցավոր գործունեության մեջ:










