Ղազախստանը դադարեցրել է ռուսական արտադրության «Ավենտա-Մ» թոքերի արհեստական օդափոխման սարքերի օգտագործումը

15:19 • 04.07.20

Ղազախստանում դադարեցրել են ռուսական արտադրության «Ավենտա-Մ» թոքերի արհեստական օդափոխման սարքերի օգտագործումը, գրում է kursiv.kz կայքը։ 

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի և անվտանգության վերահսկման հանձնաժողովի ղեկավար Թիմուր Սուլթանգազիևը։

Նշվում է, որ սարքերն այլևս չօգտագործելու որոշման համար հիմք է ծառայել Փորձագիտության, դեղամիջոցների և բժշկական սարքերի ազգային կենտրոնից ստացված նամակը։

Հայտնի է, որ ՌԴ առողջապահության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսզդրավնադզոր» դաշնային ծառայությունը մայիսի 12-ին դադարեցրել է ապրիլի 1-ից արտադրվող «Ավենտա Մ» մոդելների շրջանառությունը։ Դրանք հիմնականում օգտագործվել են Մոսկվայում Սպասոկուկոցկիի անվան և Սանկտ Պետերբուրգում Սուրբ Գեորգիի քաղաքային հիվանդանոցներում, որտեղ մայիսի 9-ին և 12-ին հրդեհ էր տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է մահացել։