Իտալիայում գիտնականները կորոնավիրուսի երկու տարբեր շտամ են առանձնացրել. ТАСС
Իտալացի վիրուսաբանները կորոնավիրուսի երկու տարբեր շտամ են հայտնաբերել երկրի հյուսիսային Լոմբարդիա մարզում, որը դարձել է «Քովիդ-19»-ի համաճարակի բռնկման էպիկենտրոնն ապենինյան երկրում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, Բերգամո քաղաքի գոտում հայտնաբերված շտամը Լոդիի և Կրեմոնայի շրջաններում բռնկում առաջացրած շտամից տարբերվում է «գենետիկ հաջորդականությամբ և մի շարք հատկություններով»:
Պավիայի «Սան Մատեո» հիվանդանոցի վիրուսաբանության բաժանմունքի տնօրեն, պրոֆեսոր Ֆաուստո Բալդանտին հայտնել է, որ Կոդոնյո քաղաքում, որը փետրվարին վիրուսի տարածմամբ պայմանավորված առաջինն էր հայտնվել «կարմիր գոտում», ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսն արդեն իսկ տարածված է եղել հունվարին: «Դա հաջողվել է պարզել մի շարք մարդկանց մոտ հակամարմիններ հայտնաբերելու շնորհիվ, որոնք ձևավորվել էին տարեսկզբին»,- պարզաբանել է մասնագետը:
Նույն հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Ռաֆայելե Բրունոն նշել է, որ առաջին իսկ հիվանդների ընդունումից հետո պարզ է դարձել, որ բուժված հիվանդների արյան պլազմայի կիրառումը թույլ է տալիս հիվանդությունից մահացությունը 15 տոկոսից կրճատել մինչև վեց տոկոսի:










