ԿԳՄՍ նախարարն այցելել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ անցկացվում է մաթեմատիկայի միասնական քննություն (տեսանյութ)

11:42 • 06.07.20

Հունիսի 6-ին դիմորդները ընդունելության քննություն են հանձնում մաթեմատիկայից։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ անցկացվում է մաթեմատիկայի միասնական քննություն: Նախարարի հետ է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

«Քանի որ այսօր ծանրաբեռնված օր է, որոշեցի այն անցկացնել ամենահեռավոր համայքում, որտեղ միասնական քննություններ են անցկացվում: Պետք է նշեմ, ամեն ինչ շատ լավ կազմակերպված է: Ես քիչ առաջ ավագ դպրոցում էի, այնտեղ ամեն ինչ շատ լավ կազմակերպված էր: Այստեղ՝թիվ 6 հիմնական դպրոցում , նույնպես պահվում են բոլոր համաճարակային կանոնները, սոցիալական հեռավորությամբ կանգնած են դիմորդները, իսկ ծնողները ինքնակազմակերպված սպասում են երեխաներին»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարն այցելեց քննասենյակներ, զրուցեց նաև դիմորդների հետ, հետաքրքրվեց, թե դիմորդները, որ բաժիններ են դիմել ընդունելության համար: Արայիկ Հարությունյանը նկատեց, որ Հայաստանը ՏՏ ոլորտում ամենամեծ ցուցանիշն ունի կանանց և աղջիկների ներգրավածությամբ:

Դպրոցի ղեկավար կազմից տեղեկացրեցին, որ այս տարի 3 առաջին դասարան կբացվի: Նրանց փոխանցմամբ՝ նախորդ տարի հարակից դպրոցում եղել է 103 առաջին դասարան ընդունվող, իսկ իրենց մոտ 49-ը, սակայն այս տարի առաջին դասարանցիների թիվն իրենց դպրոցում մեծացել է:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջին դասարանների աշակերտների ընդունելության համար էլեկտրոնային գրանցման քաղաքականությունը հավասար և մրցակցային հնարավորություններ է ստեղծել բոլոր դպրոցների միջև: Նա նշեց, որ դպրոցը այս կերպ լրացուցիչ հնարավորություն է ստանում աշակերտներ ընդունելու, իսկ պետության կողմից հատկացված գումարները հնարավորություն է տալիս ներդրումներ անել դպրոցի զարգացման համար: