ԱՄՆ-ում 750 000 դոլար գրավի դիմաց ազատ են արձակել Ֆլոյդի սպանության գործով մեղադրյալներից ևս մեկին

10:06 • 06.07.20

Աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանության համար կասկածվող չորս նախկին ոստիկաններից մեկին գրավի դիմաց ազատ են արձակել, հաղորդում է CBS հեռուստաալիքը։

Նշվում է, որ Տու Տաոն մեղադրվում է հանցակցության և սպանության հրահրման համար: Գրավի գումարը կազմում է 750 հազար դոլար։

Ավելի վաղ գրավի դիմաց ազատ էին արձակվել նաև Ֆլոյդի սպանության գործով մյուս երկու մեղադրյալները։ Ընդ որում, Դերեկ Չաուվինը, որն անմիջականորեն խեղդամահ է արել զոհին, մնում է կալանքի տակ:

Նշենք, որ սկզբում Չաուվինի դեմ անզգուշությամբ կատարված սպանության մեղադրանք էր ներկայացվել, որն ավելի ուշ վերաորակավորել էր։ Ձերբակալությանը մասնակցած մյուս երեք ոստիկաններին դատախազությունը մեղադրանք է ներկայացրել սպանությանն օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում էին  խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: