Երևանում գործող երկու առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել, մարդկանց տարհանել են (տեսանյութ)

14:10 • 06.07.20

16։00

Ժամը 13: 30 ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ահազանգ, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում տեղադրված է պայթուցիկ սարք:


Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման աշխատանքների ղեկավար Գևորգ Մնացականյանը նշեց, որ աշխատել է երեք կինոլոգիական խումբ, մեկը արտակարգ իրավիճակների բաժնից, երկուսը՝ ոստիկանական բաժնից, աշխատանքի արդյունքնում ոչ մի վտանգավոր բան չի գտնվել, աշխատանքը վերջացել է և «Մեգամոլ»-ը անցնելու է իր բնականոն աշխատանքին, իսկ ջոկատները գնում են ծառայության:


Հարցին, թե ի՞նչ տարբերակով է լուրը ստացվել և հնարավոր կլինի՞ պարզել աղբյուրը, Գ. Մնացականյանը նշեց, որ չի տիրապետում տեղեկությանը և մոտ ժամերի ընթացքում պարզ կլինի՝ ով է ահազանգը տվել և ինչ նպատակով:


«Հարկը կիսել ենք երեք մասի, երեք խումբը տարբեր ուղղություններով որոնողական աշխատանքներ է կատարել, շները վարժեցված են եղել պայթուցիկ սարքեր գտնելու ուղղությամբ»- նշեց նա:
Հարցին, թե նման դեպքերը իրար են հաջորդում, ինչպես կմեկնաբանեք, նա նշեց, որ միտում չի տեսնում. «Սա ինչ որ խուլիգանական արարք է»:


14։43


Ռումբի առկայության մասին ահազանգ է եղել նաև «Դալմա» մոլում։



14։10


Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։