Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ 2-րդ միջնորդությունն անհիմն էր, ուրախ եմ, որ կան դատավորներ, որոնք պատրաստ չեն ի կատար ածել իշխանության քմահաճույքները. Միհրան Պողոսյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը մերժվել է, որովհետև այդ միջնորդության համար նոր հանգամանք ի հայտ չէր եկել, այն անհիմն էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Միհրան Պողոսյանը:
Հարցին՝ քանի որ Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի միջնորդությունը, և նրան կալանքից ազատելու վերաբերյալ վճռաբեկ բողոք կա, ապա ինչ միջնորդություն է քննել առաջին ատյանի դատարանը, Պողոսյանն ասաց. «Այս անգամ մերժվել է ՊԵԿ-ի՝ հունիսի 8-ին ներկայացված մեղադրանքի հիման վրա ներկայացված կալանքի միջնորդությունը»:
Նշենք, որ ՊԵԿ-ի այդ մեղադրանքում նշվում էր` բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ, որոշում է կայացվել Միքայել Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Հարցին, թե ինչ հիմքով է մերժվել կալանավորելու միջնորդությունը, Պողոսյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` կալանքի միջնորդությունը մերժելուց հետո նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա է թույլատրվում անձին կրկին կալանավորելը, այդ պարագայում նոր այդպիսի հանգամանքներ ի հայտ եկած չեն եղել, առաջին ատյանի ընդհանուր իրավասությանը դատարանը` դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, միջնորդությունը մերժել է»:
Նա ընդգծեց, որ դատարանի կողմից կրկին արձանագրվում է, որ այդ մեղադրանքների հետ կապված միջնորդություններն անհիմն են: «Ուրախությամբ արձանագրում եմ, որ կան դատավորներ, որոնք պատրաստ չեն քննչական, դատախազական, իշխանական մարմինների ցանկացած քմահաճույք ի կատար ածել»,- նշեց նա:










