Ավելի քան 210 000 դեպք. ԱՀԿ-ն հայտնել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի 24-ժամյա նոր հակառեկորդի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 210 000 նոր հաստատված դեպքի մասին՝ արձանագրելով 24-ժամյա նոր հակառեկորդ։
ԱՀԿ-ի տվյալները ցույց են տվել, որ շաբաթ ամբողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 211 411 դեպք, ինչը 20 տոկոսով գերազանցում է նախօրեին գրանցված ցուցանիշը: Աշխարհում կորոնավիրուսի նախորդ մեկօրյա հակառեկորդը գրանցվել էր հունիսի 28-ին, երբ հաստատվել էր վարակման շուրջ 190 հազար դեպք։
ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում այժմ նկատվում են հիվանդության առավել արտահայտված բռնկումներ։ Վերջին շաբաթներին հիվանդության դեպքերի թիվը կտրուկ աճել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներում։ Վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 2 982 928 դեպք, որից 132 569-ը՝ մահվան ելքով։
ԱՄՆ-ից հետո աշխարհում կորոնավիրուսի վարակման և մահացության ցուցանիշով երկրորդ տեղում Բրազիլիան է: Երկրում գրանցվել է վիրուսով հիվանդանալու շուրջ 1,6 միլիոն և մահվան գրեթե 65 հազար դեպք:
Հնդկաստանը երրորդ երկիրն է, որտեղ նախորդ շաբաթ կորոնավիրուսի դեպքերի թվի զգալի աճ է գրանցվել։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր Հնդկաստանում 698 817 մարդ է հիվանդացել, որոնցից 19 707-ը մահացել Է, 424 963-ն՝ ապաքինվել:
Worldmeters առցանց թարմացվող տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 11 միլիոն դեպք, որոնցից 530 000-ը՝ մահվան ելքով։ Վիրուսը տարածվել է աշխարհի 213 երկրներում։










