Իրաքը հերքել է Բաղդադի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման լուրը
Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները թվիթերյան գրառումով հերքել են Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքի հրթիռակոծման մասին լուրերը:
«Որոշ ԶԼՄ-ներ տեղեկացրել էին Բաղդադի միջազգային օդանավակայանի տերմինալի մոտակայքում «Կատյուշա» տեսակի հրթիռի ընկնելու մասին: Մենք լիովին հերքում ենք այդ տեղեկությունը, Բաղդադի օպերատիվ հրամանատարությունը չի զեկուցել ոչ մի հրթիռի արձակման մասին մինչև 00:50-ը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին ավելի հստակ լինել և տեղեկատվությունը վերցնել ուժային կառույցների մամուլի ծառայություններից»,-ասված է հաղորդագրությունում:
Լրատվամիջոցները Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման մասին լուրը տարածել էին լույս հուլիսի 6-ի գիշերը:










