Ցյուրիխի կենդանաբանական այգում Իրինա անունով վագրը հարձակվել է այգու աշխատակցի վրա և այցելուների աչքի առաջ սպանել նրան
Ցյուրիխի կենդանաբանական այգում ամուրյան վագրը հարձակվել է 55-ամյա աշխատակցի վրա և սպանել նրան, հայտնում է nytimes.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այգու անվտանգության աշխատակիցները կնոջ կյանքը չեն կարողացել փրկել․ գիշատչի հարձակման զոհը մահացել է հենց դեպքի վայրում։ Դեպքը տեղի է ունեցել սարսափահար եղած այցելուների և աշխատակիցների աչքի առջև. վերջիններս փորձել են վայրի կենդանուն կնոջից որևէ կերպ շեղել։ Նշվում է, որ ավելի ուշ հնարավոր է եղել Իրինա անունով 5-ամյա վագրին հեռացնել զոհից և վանդակն ուղարկել։
Դեպքի հանգամանքները դեռևս քննվում են։
Կենդանաբանական այգու պաշտոնական կայքի տեղեկությունների համաձայն՝ վագրերի այս արգելավանդակում Սայան անունով 4-ամյա ևս մի արու վագր կա։ Նշվում է, որ Իրինան Դանիայից այստեղ է տեղափոխվել մեկ այլ էգ վագրի սատկելուց հետո։
«Սա երիտասարդ կենդանի է, որը մինչև այժմ վագրերին հատուկ լրիվ նորմալ վարքագիծ է դրսևորել»,-նշել է կենդանաբանական այգու տնօրեն Սևերին Դրեսենը՝ հավելելով, որ հայտնի չէ, թե ինչու են աշխատակիցը և վագրը միևնույն ժամանակ վանդակում գտնվել։
Հատնի է, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով ամիսներ շարունակ փակ մնալուց հետո այս այգին մեկ ամիս է, ինչ վերսկսել է գործունեությունը։










