Պետք է վճռական գործել, դիմել ՀԱՊԿ-ին, դիմել ՄԱԿ-ին, զանգել Ալիևին ու հարցնել՝ պատերա՞զմ եք սկսում, ինչ է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին

17:40 • 13.07.20

Այն դեպքում, երբ մի անկախ պետությունը այսպես ագրեսիվ կրակ է բացում մեկ այլ անկախ պետության վրա, պետք է վճռական գործել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ այս իրավիճակում ՀՀ-ն պետք է մի քանի քայլ անի.«Երբ կրակ է բացվում մի պետության վրա,  որը ներառված է ՀԱՊԿ կազմում, ապա երկրի արտգործնախարարը անհապաղ պետք է դիմի ՀԱՊԿ: Երկրորդ` բողոքի նոտա պետք է գրել ՄԱԿ, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, հաջորդը, վարչապետը պետք է զանգահարի նախագահ Ալիևին և ասի՝ ի՞նչ եք անում, պատերազմ եք սկսում, ի ՞նչ է  և այլն:

Պետք է այս քայլերն անել, որովհետև սա կարող է լինել Ադրբեջանի Կառավարության, այլ ոչ թե այնտեղ կանգնած ադրբեջանցի զինծառայողների սադրանք: Դրանք տարբեր բաներ են չէ՞:Այնպես որ պետք չէ  խուճապի մատնվել, բայց մերոնք պետք է այնպես պատասխանեն, որ հաջորդ անգամ նրանք վախենան այդպիսի քայլեր անել,  եթե մեկ անգամ կրակեն, մերոնք պետք է  100 անգամ ավելի  կրակեն:  Պետք է վճռական գործել, վճռական»:

Նրա խոսքով՝ դիվանագիտորեն ևս պետք է աշխատել, պետք է դիմել պատկան կազմակերպություններին, պետք է բողոքի նոտա հղել՝ հայկական պետության բողոքի նոտան ադրբեջանականին.«Չգիտես ինչու հայերը բողոքի նոտա չեն հղում: Պետք է քայլեր անել ու գործել վճռական՝ առանց խուճապի, պետք է կանխել հետագա քայլերը»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմն ունի հինգ վիրավոր՝ երեք զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկան: