Ցավում եմ, որ շատ մասնագետներ անհասկանալի պատճառով համաձայնել են մասը դառնալ Սահմանադրական դատարանի՝ իշխանության կողմից յուրացման գործընթացին. Ռուբեն Մելիքյան

18:03 • 01.08.20

Ոչ միայն պարոն Խունդկարյանը, այլև ցանկացած այլ անձ, ով համաձայնել է այս գործընթացում ներգրավվել՝ որպես թեկնածու, պետք է գիտակցեն, որ նրանք անօրինական գործընթացի են մասնակցում և որևէ կերպ նրանց կարգավիճակը երաշխավորված լինել չի կարող: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի ընտրվելու մասին:

Նշենք, որ երեկ մինչև ուշ երեկո շարունակված Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

«Ես հենց սկզբից եղել եմ այն կարծիքին, որ սա ապօրինի գործընթաց է, շարունակում եմ դեռ այս մոտեցմանը մնալ: Սկզբունքորեն անընդունելի գործընթաց է, որովհետև դատական իշխանության նկատմամբ քաղաքական իշխանության հակաիրավական միջամտության արդյունք է: Մարդիկ որոշում են կայացրել, իրենց որոշումն է և կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող անգամ պատրանքներ ունենալ այս ամենի հետևանքների մասին»,-ասաց նա:

«Քաղաքական իշխանության ներկայացուցիչներն ավելի լավ կարող են պատասխանել այն հարցին, թե ինչու են նմանատիպ փոփոխություններ լինում դատական համակարգում: Մենք մեր պետության վարքը զրոյի հավասարեցրինք, խայտառակեցինք ինքներս մեզ և հիմա նաև հարցադրումներ են առաջանում նույնիսկ թեկնածուների  հետ կապված: Ես այդ հարցարումներին չեմ մասնակցելու»,- շեշտեց իրավապաշտպանը:

Մելիքյանի խոսքով՝ այստեղ ամենևին անձնական խնդիր չկա և թեկնածուի անձը նշանակություն չունի: Նա նշեց՝ նույն մոտեցումը կունանար նաև այն ժամանակ, երբ թեկնածու ընտրվեր այն իրավաբանը, որը մասնակցել է սահմանադրական կարգի տապալման գործընթացին:

«Սա ինստիտուցիոնալ հարց է: Պատկերացնենք, որ որևէ մեկը զբաղեցնում է ինչ-որ դատարանի նախագահի պաշտոն, վաղը, մյուս օրը այդ անձին հակաիրավական ճանապարհով՝ խախտելով Սահմանադրությունը դուրս են շպրտում, հետո անգամ Ոստիկանությունով թույլ չեն տալիս, որ ներս մտնի իր աշխատասենյակ: Որևէ մեկը, որ հետո կհավակնի այս պաշտոնին, էական տարբերություն չի զգա այս մոտեցումների առումով: Իրականում, շատ եմ ցավում, որ շատ մասնագետներ անհասկանալի պատճառով համաձայնել են մի մասը դառնալ  Սահմանադրական կարգի տապալման  և ՍԴ-ի՝ իշխանության կողմից յուրացման գործընթացին, առավել ևս, երբ դատավորները վիճարկում են այս ամենը Եվրոպական դատարանում»,- ընդգծեց նա: