Համացանցում տարածված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չի եղել քննարկման կամ համաձայնեցման առարկա․ Ջուլիետա Ազարյան
Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերին և դրանց ուղեկցող մեկնաբանություններին՝ հայտնում եմ, որ դրանցում ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չի եղել քննարկման կամ համաձայնեցման առարկա։ Այս մասին գրել է քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
«Հետևաբար, տեսանյութերում ներկայացված նախագծային լուծումները որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված կամ հաստատված նախագծային լուծումների հետ և չեն կարող ներկայացվել որպես քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած կառուցապատման նախագիծ։
Միաժամանակ, հորդորում եմ ներդրումային ծրագրի նախաձեռնողներին հանրայնացվող նյութերը նախապես համաձայնեցնել Երևանի քաղաքապետարանի հետ՝ բացառելու համար այնպիսի նախագծային լուծումների և պատկերների հրապարակումը, որոնք չեն անցել սահմանված քննարկման և համաձայնեցման ընթացակարգերը»,-նշել է նա։














