Պայմանավորվել ենք, որ շաբաթվա վերջ իրենց խնդիրները գրավոր կներկայացնեն Շրջակա միջավայրի նախարարություն. Գեղարքունիքի մարզպետը՝ ձկնավաճառների բողոքի մասին (տեսանյութ)
Խնդիրը բավական խորն է, ոլորտի պատասխանատուները հանձն են առել զբաղվել խնդրով, բոլորս էլ գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտ է և կարգավորման ընթացքում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով ձկնավաճառների բողոքի մասին:
Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղին այսօր իրենց ավտոմեքենաներով փակել էին ձկնորսները՝ դժգոհելով, որ իրենց արգելել են ձուկ որսալ, որի մասին հայտնել էր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Մեր քաղաքացիները խնդիր են տեսել և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, հիմա մենք պայմանավորվածության եկանք, որ առանց ավելորդ ագրեսիայի, բորբոքվելու՝ շաբաթ և կիրակի օրերին իրենց տեսած խնդիրները, հարցերը կձևակերպեն թղթի վրա և կտան Շրջակա միջավայրի նախարարությանը, որոնք էլ կփորձեն հարցերին պատասխանել»,- ասաց նա:
Մարզպետը հույս հայտնեց, որ նախարարությունը սպառիչ պատասխան կտա և իր համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ձկնորսները համամիտ են խելամիտ կարգավորվող և օրենքի շրջանակներում աշխատելուն: Գնել Սանոսյան նաև շեշտեց, որ թեմայի շուրջ քննարկումներ են եղել նաև մարզպետարանում, որոշ հարցերի պատասխաններ կան, իսկ որոշներին պետք է պատասխանի նախարարությունը:
Նշենք, որ ձկնորսները պատմեցին, որ իրենցից շատերը տուգանվել են, քանի որ փորձել են ձկնորսությամբ զբաղվել:










