«Կասկած չունեմ, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է»․ Սոբչակը՝ Նավալնիի հետ տեղի ունեցածի մասին
ՌԴ հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման կապակցությամբ Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ նրա հետ տեղի ունեցածը որակելով «քաղաքական հաշվեհարդար»։
«Չնայած նրան, որ վերջին տարիներին Ալեքսեյ Նավալնիից շատ կտրուկ խոսքեր եմ լսել, չնայած նրան, որ քաղաքական պայքարի նրա մեթոդներն ինձ միշտ չէ, որ հոգեհարազատ են եղել, այսօր ես ցանկանում եմ նրան իմ աջակցությունը հայտնել և ուժ մաղթել նրա մտերիմներին»,- գրել է հաղորդավորուհին։
Նրա վստահմամբ՝ կատարվածը քաղաքական հաշվեհարդար է։
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է»,- գրել է Սոբչակը։
Հաղորդավարուհու խոսքով՝ «Ալեքսեյը կարող էր կոպիտ խոսել հակառակորդի մասին և վիճաբանել նախկին դաշնակիցների հետ, բայց երբեք չի հարբել և թմրամիջոցների մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող»:
«Ես դեռ սարսափած եմ ինքնաթիռում նրա ձայնի տեսագրությունից․ պարզապես սարսափելի է»,- գրել է նա։
Իր գրառման վերջում Սոբչակն առողջություն է մաղթել Նավալնիին՝ հուսալով, որ ընդիմադիր գործիչը «կհաղթի գլխավոր պայքարը՝ իր կյանքի համար պայքարը»։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Հայտնի է, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։
Ավելի ուշ ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտնել էր, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնիի վիճակը, սակայն նրանք հրաժարվել են գործչին գերմանական կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ։
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը այդ արգելքը որակել է Նավալնու «կյանքին ուղղված սպառնալիք»։ Նրա կարծիքով՝ այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը։
View this post on Instagram










