«Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չեն հայտնաբերվել». Օմսկի հիվանդանոցի բժիշկները չեն կարծում, որ նրան թունավորել են
Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հետազոտությունը թույնի հետքեր չի հայտնաբերել: Բժիշկները չեն կարծում, որ նրան թունավորել են: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլիյ Կալինիչենկոն:
«Օրգանիզմում թույն կամ թույնի հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա:
Բժիշկը հավելել է, որ իրենք արդեն ախտորոշումն ունեն, սակայն չեն հայտնի լրատվամիջոցներին:
«Մենք ունենք բարդություններ, ունենք այն իրավիճակը, որ նա ունի. դրանք լիովին տեղավորվում են մեր կողմից հաստատված ախտորոշման կառուցվածքում: Այդ մասին ասվել է մեր հիվանդի կնոջն ու եղբորը», - ասել է Կալինիչենկոն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին էլ այսօր լրագրողներին հայտնել էր, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում: Ըստ նրա՝ հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր:
Մուրախովսկին նշել էր նաև, որ այսօր առավոտյան բժիշկները կոնսիլիում են անցկացրել լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները գտնում են, որ նրա վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան Գերմանիա:
Ավելի վաղ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։
Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հաղորդմամբ էլ՝ տրանսպորտային ոստիկանությունում հայտնել են, որ դա «քննության գաղտնիքն է»։
Նավալնիի կինը պատմել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը: Նրա կարծիքով՝ բժիշկները գործչին պահում են կլինիկայում և թույլ չեն տալիս տեղափոխել Եվրոպա, «որպեսզի այն քիմիական նյութը, որը գտնվում է Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։










