Սվետլանա Տիխանովսկայան վաղը ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում

17:54 • 24.08.20

Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան վաղը՝ օգոստոսի 25-ին, ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Դևիդ Մաքալիսթերը:

«Վաղվա քննարկումը կարևոր է բելառուս ժողովրդին մեր համերաշխությունը հայտնելու համար»,- գրել է քաղաքական գործիչը:

Վերջինս հավելել է, որ իրենք մտադիր են Բելառուսում տիրող իրավիճակի մասին տեղեկացնել ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտին:

Հիշեցնենք, որ նախօրեին Պետքարտուղարությունից հայտնել էին, որ Տիխանովսկայան օգոստոսի 24-ին Լիտվայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենի հետ:

Տիխանովսկայան ներկա պահին գտնվում է Լիտվայում, ուր մեկնել էր օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո: