«Ես այստեղ եմ, որովհետև մեզ պետք է, որ ամուսինս ևս 4 տարի լինի մեր նախագահը, նա՛ է մեր երկրի համար լավագույն ընտրությունը»․ ԱՄՆ առաջին տիկինը՝ Հանրապետական կուսակցության համագումարում (լուսանկար)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը խոստացել է, որ իր ամուսինն ամեն ինչ կանի, որպեսզի գտնի COVID-19-ի դեմ արդյունավետ բուժումը կամ ստեղծի պատվաստանյութ, որը հասանելի կլինի բոլորին, գրում է CNN-ը։
Մելանյա Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարի 2-րդ օրը հանդես է եկել Սպիտակ տան՝ վերջերս վերանորոգված Վարդերի այգուց, որտեղ ներկա են եղել մոտ մի քանի տասնյակ հյուրեր և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, և իմ աղոթքները նրանց, ովքեր տառապում են կամ հիվանդ են: Ես գիտեմ, որ շատ մարդիկ մտահոգված են, ոմանք էլ՝ անօգնական են զգում իրենց։ Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ իմ ամուսնու վարչակազմը չի դադարեցնի պայքարել, մինչև մենք չունենանք արդյունավետ բուժում կամ պատվաստանյութ, որը հասանելի կլինի բոլորին»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը։
Նրա խոսքով՝ «Դոնալդ Թրամփն ամեն ինչ կանի, որպեսզի հոգ տանի բոլոր նրանց մասին, ովքեր տուժել են այդ սարսափելի համաճարակի պատճառով»։
ԱՄՆ առաջին տիկինը նաև շնորհակալություն է հայտնել բժիշկներին, բուժքույրերին և ուսուցիչներին համավարակի ժամանակ իրենց կատարած աշխատանքի համար:
Մինչ շատ մասնակիցներ, այդ թվում՝ Թրամփի երեխաները, իրենց ելույթներում պնդել են, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը կկործանի ամերիկյան իդեալներն ու արժեքները՝ ԱՄՆ-ին բերելով ապոկալիպտիկ ապագա, Մելանյա Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում իրեն հատկացված ժամանակն օգտագործել մյուս կողմի վրա հարձակվելու համար։
«Ես չեմ ցանկանում այս թանկարժեք ժամանակն օգտագործել մյուս կողմի վրա հարձակվելու համար, որովհետև, ինչպես տեսանք անցած շաբաթ, նման խոսակցությունները միայն ավելի են պառակտում երկիրը։ Ես այստեղ եմ, որովհետև մեզ պետք է, որ ամուսինս ևս չորս տարի լինի մեր նախագահն ու գլխավոր հրամանատարը։ Նա է մեր երկրի համար լավագույն ընտրությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում օրերս մեկնարկել է Հանրապետական կուսակցության ազգային համագումարը, որի առաջին օրը լի է եղել Ամերիկայի ապագայի մասին մռայլ նախազգուշացումներով, և որի մասնակիցները պնդել են, որ երկիրը սոցիալիզմից, տնտեսական փլուզումից, բռնությունից և անարխիայից փրկելու միակ ճանապարհը Դոնալդ Թրամփի վերընտրությունն է։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։












