«Մենք ոչնչացրել ենք աշխարհում առաջին ահաբեկիչ Ղասիմ Սոլեյմինիին». Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում սխալ է արտասանել ԱՄՆ-ի կողմից սպանված իրանցի գեներալ Սոլեյմանիի անունը

09:23 • 28.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հանրապետական կուսակցության համագումարում խոսելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության մասին, սխալ է արտասանել նրա անունը, գրում է ria.ru-ն։

«Գործողության ընթացքում մենք ոչնչացրել ենք աշխարհում առաջին ահաբեկիչ Ղասիմ Սոլեյմինիին», - ասել է Թրամփը:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար:

Սոլեյմանիի սպանությունից օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իր ելույթում Դեմոկրատական կուսակցությանն «արմատական շարժում» է անվանել և իրեն համեմատել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հետ։

«Իմ սիրելի ամերիկացիներ, այսօր երախտագիտությամբ և անսահման լավատեսությամբ լի սրտով ես Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն ընդունում եմ խորին հարգանքով»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում։