«Ես քառորդ դարի ընթացքում ժողովրդին մատով անգամ ցույց չեմ տվել»․ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ինքնաձիգով շրջելու մասին իր հասցեին ուղղված քննադատությունը

19:05 • 28.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է չքննադատել իրեն օգոստոսի 23-ին իր նստավայրում ինքնաձիգը ձեռքին քայլելու և ուժայինների հետ շփվելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պետության ղեկավարի խոսքով՝ արտաքին սպառնալիքների և հասարակության շրջանում ստեղծված վիճակի ֆոնին նա ստիպված է զինծառայողների ռեզերվ պահել։

«Դա ինչ, նորմա՞լ է։ Եվ դուք քննադատում եք ինձ նրա համար, որ ինքնաձիգով վազում եմ փողոցներով ու պատրաստ եմ կրակել սեփական ժողովրդի վրա։ Լսե՛ք, ես քառորդ դարի ընթացքում նրանց մատով անգամ ցույց չեմ տվել, ի՞նչ կրակելու մասին է խոսքը»,- նշել է Լուկաշենկոն։ 

Հանրապետության նախագահը ընդգծել է, որ Արևմուտքին Բելառուսը պետք չէ, այլ «դեպի Ռուսաստան ցատկահարթակ է պետք»։ Նրա խոսքով՝ հակառակորդները ցանկանում են կոտրել իշխանությունը ու մեկ ուրիշին խցկել ներս, որը ռազմական աջակցության համար վերջիններս այլ պետություններին դիմեն։ 

«Նրանց այստեղ շուկա է պետք, որտեղ կարող են իրենց արտադրանքի առևտուրը կազմակերպել»,- հավելել է Բելառուսի առաջնորդը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Լուկաշենկոն մեկնաբանել է նաև Մինսկի համար ռուս ուժայիններից ռեզերվ ձևավորելու մասին Պուտինի հայտարարությունը։

«Դուք երեկ լսեցիք մեր հարևանի և իմ լավ ընկերոջ հայտարարությունը: Դա այն պատճառով չէ, որ ռուսները ցանկանում են պաշտպանել Բելառուսը: Լսե՛ք, մենք ինքներս կպաշտպանվենք: Բայց Ռուսաստանի նախագահը և ես հասկանում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե մենք հապաղենք»,- ասել է Լուկաշենկոն:

Ըստ նրա՝ այդ դեպքում Բելառուսը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ «կորոշվեն ոչ մեր հարցերը»:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: