Մայրիկին ասել էր՝ եռագույն շատ ունենք ու նոր ազատագրվող սահմաններին հերթով կծածանենք. մորաքույրն ու ազգականը՝ նահատակված Գառնիկ Առաքելյանի մասին
Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված 31-ամյա Գառնիկ Առաքելյանի ծառայակիցներն ասում են, որ դեռ շատ պատմություններ ենք լսելու Գառնիկի և նրա ընկերների մասին, թե ինչպես են 4-ով ընկել շրջափակման մեջ ու ինչպես են վարպետորեն կարողացել դուրս գալ շրջափակումից՝ ոչնչացնելով թշնամու ուժերը։ Լսելու ենք Գառնիկի ոչնչացրած տանկերի ու տեխնիկայի մասին, լսելու ենք պատմությունը, թե ինչպես է ժամկետայիններին հետ ուղարկել, որ վտանգավոր պահին դիրքը իրենք՝մեծերը պահեն։
Գառնիկի ազգականներից Սյուզան Երանոսյանը Tert.am-ին պատմեց, որ մինչև հոկտեմբերի 16-ը Գառնիկն իր ընկերների հետ Մարտունիում են եղել, հետո արդեն մեկ շաբաթից ավել էլ Ֆիզուլիում է կռվել։ Ֆիզուլի են տեղափոխվել իրենց կամքով, քանի որ այդ ժամանակ դիրքում իրավիճակը համեմատած ավելի հանգիստ է եղել, ասել են՝ հո չենք եկել հանգստանալու:
Գառնիկը Թալին քաղաքից էր, Սյուզանի ու հերոսի մանկությունը միասին է անցել, քանի որ նույն փողոցում էին ապրում: Քույրը հիշում է, որ նրանք Արցախյան պատերազմի հաղթանակից հետո եկող սերունդն էին ու մանկությունն անցնում էր կռիվ-կռիվ խաղալով, ռազմի երգեր երգելով ու պարելով, իսկ քոչարին Գառնիկն էր գլխավորում, իր սիրելի պարն էր:
«Այնքան հուժկու էր ոտքերը գետնին խփում պարելիս, որ թվում էր՝ հատակը քանդվելու էր։ «Անուղղելի» հայրենասեր էր ու ոչ մեկիս չզարմացրեց այն, որ պատերազմի հենց առաջին օրը շտապեց զինկոմիսարիատ։ Ինքն իրոք քաջ ու անվախ էր, մինչև վերջ պայքարող էր»,-ասաց քույրն ու հավելեց, որ Գառնիկն առաջնագիծ է մեկնել սեպտեմբերի 28-ին։
Ազգականն ասում է, որ եթե Թալինում Գառնիկի մասին հարցնենք, ապա լսելու ենք նրա շատ պարտաճանաչ, զուսպ, ընկերասեր, շատ աշխատասեր լինելու մասին, նրա ժպտերես լինելու մասին. առանց ժպիտ նրան չեմ հիշում։

«Գառնիկն իսկական հայկական ավանդական ընտանիքի տղա էր, շատ լավ ծնողներ ու եղբայր ունի։ Մայրը դերձակ է, ու երբ զանգել էր սահմանից, հարցրել էր, թե ինչ են այդքան կարում այս օրերին, մայրն ասել է, որ դրոշ են կարում, ասել է՝ եռագույն շատ ունենք ու նոր ազատագրվող սահմաններին հերթով կծածանենք, եթե կարող եք՝ «Գռադ» կարեք։ Գնալիս մայրը հիշեցրել էր, որ իր աշխատավայրի բանալիները մոտն են մնացել, գուցե փոխանցի տղաներին, ծիծաղով ասել էր՝ հո հավերժ չեմ գնում»:
Գառնիկը հավատում էր հաղթանակին, կասկածողներին էլ շատ զարմացած հարցնում էր՝ ինչի՞ մենք այլ տարբերակ էլ ունենք։ Սյուզանը հիշում է Գառնիկի այն խոսքը, թե «Թուրքիայի թուրքը թուրք ա, ադրբեջանինը՝ օխճար թուրք»։
Հերոսը մինչև վերջ պայքարել է, վիրավորվել, սակայն 4 ժամ շարունակել է կյանքի ու մահվան կռիվ տալը։ Վերջին խոսքը եղել էր այն, որ մորը չզանգեն, թող լուրն ընկերոջը հայտնեն։
Tert.am-ի հետ զրույցում Գառնիկի մորքույր Անուշ Գրիգորյանը, ով նաև հերոսի լավագույն ընկերն էր պատմեց, որ Գառնիկն էությամբ ռազմիկ էր, մարտնչող, հանդուգն։ Երազում էր ուսումը շարունակել ռազմական հաստատություններում, բայց հանգամանքների պատճառով ընտրեց և ընդունվեց Ճարտարագիտական համալսարան (տրանսպորտ), ուսումը ընդհատեց և մեկնեց Հայոց բանակին պարտքը տալու։
«Մայրիկին խոստացել էր հոկտեմբերի 1-ից վերականգնել ուսումը, բայց ավաղ չստացվեց. այդքան սպասված դիպլոմը մայրիկը այդպես էլ չստացավ: Գառնիկն աշխատել է Ոստիկանության զորքերում, այնուհետև տեղափոխվել ՊՆ որպես հետախույզ-ականազերծող»,-պատմեց մորաքույրը:
Հերոսն ընկերուհի ուներ, Մոսկվայից ժամանել է, ցավով հրաժեշտ տվել սիրելիին: Հոկտեմբերի 23-ի առավոտյան՝ զոհվելուց մեկ օր առաջ, խոսել է մայրիկի հետ, ասել է՝ խառն ենք, բայց ամեն բան լավ է լինելու, կեսօրին ընկերոջ հետ է մի քանի բառ փոխանակել և ընկերուհուն հաղորդագրություն ուղարկել, նորից գոտեպնդել, որ լավ է լինելու:
Մորաքույրը պատմում է, որ Գառնիկի մայրիկը 1915 թ. ցեղասպանությունը վերապրած ընտանիքի թոռնուհի է, մայրական կողմից պապիկը հաճախակի էր պատմում ֆիդայիների սխրանքների մասին, տանը գրեթե միշտ հնչում էին հայրենասիրական երգեր։ Գառնիկի վրա այս ամենը բնականաբար չէր կարող ազդեցություն չունենալ, մորեղբայրը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նա էլ էր շատ ներշնչում Գառնիկին։ «Արտերկիր մեկնելու տարբեր առաջարկներ է ստացել բոլոր ժամանակներում, բայց նա ոչ մի վայրկյան չէր ուզում լսել հայրենիքից դուրս ապրելու մասին»:










