Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի վաճառքն այն երկրին, որը ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն գործել. արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ

19:00 • 28.10.20

Արգենտինայում գործող հայկական միությունների և հաստատությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք:

Ինչպես փոխանցում է Diario Armenio-ն, ցույցի մասնակիցները կոչով դիմել են Իսրայելի ներկայացուցիչներին՝ պահանջելով աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին և բարձրաձայնելով, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական զենքը հայ ժողովրդին սպանելու համար:

«Հայ ժողովուրդն ու հրեա ժողովուրդը եղբայրացել են նույն պատմական ողբերգությամբ: Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքն այն երկրներին, որոնք ցանկանում են ևս մեկ ցեղասպանություն իրականացնել»,- ասել են ցույցի մասնակիցները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն: