«ԱՄՆ նոր վարչակազմն ընտրություններից հետո կորցնելու է Հրվ. Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը»․ փորձագիտական կարծիքներ՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի միջամտության վերաբերյալ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փորձագետ Նուրլան Ղասիմովն անդրադարձել է ԼՂ հակամարտության ընթացքում երեք հրադադարների խախտման պատճառներին՝ նշելով, որ հարցի կարգավորման համար ԱՄՆ-ի միջնորդությունն ի սկզբանե ձախողման է դատապարտված եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը
Կովկասագետի խոսքով՝ հրադադարն Ադրբեջանին այժմ ձեռնտու չէ, քանի որ վերջինս մեծ ուժեր է ներդրել Լաչինի ուղղությամբ, որտեղ նրանց հաջողությունը կարող է փոխել պատերազմի ընթացքը։ Հակամարտության կարգավորման փորձերին Վաշինգտոնի մասնակցությունը փորձագետը կապում է ամերիկյան նախըտրական քարոզարշավի հետ։ Նրա համոզմամաբ՝ ԱՄՆ նոր վարչակազմն ընտրություններից անմիջապես հետո կորցնելու է Հարավային Կովկասի նկատմամաբ իր հետաքրքրությունը։
Ղասիմովը հիշատակում է, որ այս առնչությամբ Վաշինգտոնի կողմից միակ նախաձեռնությունն արվել է 2001 թվականին, երբ Քի Ուեսթում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչ Փոլ Գոբլը առաջարկել է տարածքների փոխանակման ծրագիր, որից հրաժարվել են և՛ Երևանը, և՛ Բաքուն։ Նա նաև հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցների նպատակը «Կովկասի նավթագազային ոլորտում իր կատարած ներդրումների անվտանգության» ապահովումն է։
«Արևմուտքն այն ժամանակ քիչ միջոցներ չի ներդրել Հարավային Կովկասում գազային և նավթագազային ենթակառուցվածքնրի վրա։ Ադրբեջանական նավթը Եվրոպայում հաճախ որպես ռուսական էներգառեսուրսների այլընտրանք է դիտարկվել, ինչին ամերիկյան կողմը հաճախ կողմ է եղել։ Պատերազմը կարող էր խանգարել այդ ծրագրերի իրագործմանը։ Սակայն Գոբլի ծրագրի տապալումից հետո Վաշինգտոնը խաղաղապահի իր նախաձեռնություններն ամբողջովին Ռուսաստանին է հանձնել»,- նշում է Ղասիմովը։
ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Պավել Կոշկինը նույնպես ամերիկյան այս քայլերը նախընտրական իրավիճակի հետ է կապում։
«Թրամփի համար կարևոր է հայկական մեծ սփյուռքից ձայներ ստանալը: Այստեղից էլ գալիս են հակամարտության կարգավորման խոստումները: Սակայն ընտրություններից հետո Վաշինգտոնը կրկին մոռանալու է Կովկասի մասին»,- նշում է փորձագետը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործին ամերիկյան կողմի չխառնվելը բացատրվում է նաև նրանով, որ նրանց Արցախի հակամարտությունը կառավարելի է թվացել՝ ի տարբերություն Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքերի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










