«Մենք խոշորամասշտաբ հարձակման ենք ենթարկվում և գոյատևելու համար պայքարելուց բացի այլընտրանք չունենք». Տիգրան Ձիթողցյանը կոչ է արել աշխարհին ճանաչել Արցախը
Նյույորքաբնակ հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որը մեկ ամիս է, ինչ Հայաստանում է, հերթական անգամ կոչով ու պահանջով դիմել է միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ եկել է Արցախի անկախությունը ճանաչելու համար:
«Հեյ աշխարհ, Արցախը ճանաչելու ժամանակն է: Դիտորդ ժողովրդավարական երկրների չեզոքությունը պասիվորեն աջակցում է Հայոց ցեղասպանությանը, որը տեղի է ունենում հենց հիմա օրեցօր: Արդեն 31 օր է, ինչ ամեն րոպեն տարի է թվում: Աշխարհը նոր է սկսել բացահայտել Էրդողանի խելագարությունը, քանի որ այն նոր է ձեզ հասնում: Այսօր Ֆրանսիան, վաղը հավանաբար Գերմանիան և ուրիշներ… Եթե այն, ինչ խենթն այսօր անում է Հայաստանի դեմ չպատժվի, այն կկրկնվի վաղը առավել մեծ մասշտաբներով: Ես չեմ խոսում Ալիևի մասին, քանի որ նա պատանդ է իր աշխատասենյակում և այլևս որոշումներ չի կայացնում, նա պարզապես մոլորվում է հարցազրույցներում ասած ստերի մեջ: Յուրաքանչյուր հայ պարզապես խաղաղություն է ուզում, և մենք չենք ուզում, որ մարդիկ զոհվեն երկու կողմում էլ: Մենք խոշորամասշտաբ հարձակման ենք ենթարկվում և գոյատևելու համար պայքարելուց բացի այլընտրանք չունենք: Կանգնեցրեք ագրեսորին, կանգնեցրեք Էրդողանին, կանգնեցրեք Ալիևին»,- գրել է Ձիթողցյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն:










