Ադրբեջանի կողմից Ֆոսֆորային զինատեսակների կիրառումը միջազգային հումանիտար իրավունքի դեմ լուրջ հանցագործություն է․ սրան պետք է հետևեն քաղաքական պատժամիջոցներ․ Լարիսա Ալավերդյան

14:44 • 31.10.20

Ադրբեջանի կողմից Ֆոսֆորային զինատեսակների կիրառումը միջազգային հումանիտար իրավունքի դեմ լուրջ հանցագործություն է։ Սրան պետք է հետևեն քաղաքական պատժամիջոցներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

«Ամբողջովին արգելված է ֆոսֆորային զինատեսակների կիրառությունը և հարցը քաղաքական դաշտում որոշումների կայացմանն է գնում։ Հստակ կան մեխանիզմներ, կա ձև․ հավաքում են փաթեթը, տալիս են համապատասխան ատյաններ, որոնք ինչպես դատական ֆունկցիաներ ունեն, այնպես էլ դա հասցնում են քաղաքական այն հարթակները, որտեղ որ ի զորու են ընդունել քաղաքական պատժամիջոցներ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հաստատել է, որ նախօրեին ադրբեջանական կողմը կիրառել է ֆոսֆորային զինատեսակներ։

Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին հետևած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ասվում էր՝ Բաքուն և Երևանը հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել: Սակայն, հոկտեմբերի 31-ի վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը՝ Կենտրոնական շուկան և բնակելի շենքերը:

Լարիսա Ալավերդյանը միջնորդներին առաջարկում է հրադադարի ռեժիմի մոնիթորինգի համար տիեզերական զոնդաժի մեթոդ կիրառել:

«Իրենք հստակ ունեն ոչ թե այսօրը, ապագան, այլ անցյալն էլ ունեն՝ ով է սկսում զինադադարի խախտումը։ Քանի որ դա տեղի չի ունենում, սա նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահները մեզ հետ մտել են, այսպես ասած, Сербская Краина-ի սցենարի ընթացք։ Այսինքն, ինչպես ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն և բոլորը գտնում են, որ հարցը պետք է լուծվի այս մեռյալ սխեմայով՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Դա ամբողջովին խեղաթյուրում է և այլասերում է միջազգային նորմը, որովհետև որևէ մի սկբունք թույլ չի տալիս ոչնչացնել բնակչությանը»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները կարողացել են ինչ-որ առումով պահել ստատուս-քվոն, բայց 30 տարի շարունակ վտանգված է մնացել Արցախի հարցի իրավական կարգավիճակը։

«Այն, որ Ադրբեջանը որևէ իրավունքներ չունի այդ տարածքների նկատմամբ, որի վրա կայացել է լեգիտիմ Արցախը, երբևիցե չի դարձել հայկական դիվանագիտության ամենօրյա աշխատանք։ Եվ մենք այսօր ունենք այն, ինչն ունենք։ Հիմա ունենք 1990-1991 թթ․ և այս 30 տարին, որ անցել է։ Մենք առնվազն մի դրական բան ունենք, փորձում ենք և պետք է փորձենք շարունակել մեր պայքարը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

ՀՀ առաջին օմբուդսմենի կարծիքով՝ ռազմական հրետանուն զուգահեռ քաղաքական հրետանին պետք է մեծ ջանքեր գործադրի։

«Եթե մենք հույսը դնում ենք միայն բանակի և զինվորների վրա, մենք ունենալու ենք այն, ինչն ունենք։ Քաղաքական գործունեությունը, քաղաքական հրետանին պետք է տասնապատիկ ավելի ուժեղ լիներ, քան բանակինը։ Համոզված եմ, դա այն կոպիտ քաղաքական սխալն է, որը ավելի է վնաս տալիս, քան մինչև անգամ քրեական հանցագործությունը»,- ասաց նա։