Կոսովոյի նախկին նախագահը որպես մեղադրյալ կկանգնի Հաագայի դատարանի առջև

17:28 • 06.11.20

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Տաչին, որը նոյեմբերի 5-ին հայտարարել է հրաժարականի մասին, այսօր մեկնել է Հաագա՝ Կոսովոյի ազատագրական բանակի հանցագործությունները քննող հատուկ դատարանի առջև որպես մեղադրյալ կանգնելու համար։

Ինչպես հաղորդում է EADaily-ն, նախկին նախագահի հետ Հաագա են մեկնել նաև Կոսովոյի նախկին վարչապետ Կադրի Վասելին և Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր Ռեջեփ Սելիմին։

Կոսովոյի նախկին նախագահն ու մյուս մեղադրյալները ղեկավարում էին Կոսովոյի ազատագրական բանակը 1990-ական թվականներին տարածաշրջանում ծավալվող պատերազմի ժամանակ։ Հատուկ նշանակության դատարանի դատախազությունն ավելի վաղ նրանց մեղադրանք է առաջադրել զինված հակամարտության ընթացքում սպանությունների, կտտանքների, մարդկանց թրաֆիքինգի ու օրգանների ապօրինի վաճառքի փաստով:

Ինչպես ավելի վաղ հաղորդում էր «Балканист» պորտալը, Տաչիի լիազորությունները ինքնահռչակ հանրապետության նախագահի պաշտոնում պետք է ավարտվեին 2021 թվականի գարնանը։ Մոտ ժամանակներում երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են նախկինում ևս Հաագայում դատարան կանչված նախկին վարչապետ Ռամուշ Հարադինայը և դիվանագետ Վլերա Չիտական։