«Որպես զինվորական ասում եմ՝ Ֆահրիզադեի մահն անպատասխան չի մնա». Իրանի պաշտպանության նախարար

12:46 • 30.11.20

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի մահն անպատասխան չի մնա, գրում է Reuters գործակալությունը: 

«Թշնամին լավ գիտի, և ես՝ որպես զինվորական, ասում եմ, որ ոչ մի հանցագործություն, ոչ մի սպանություն, իրանցի Ժողովրդի նկատմամբ որևէ հիմար արարք առանց պատասխան չի մնալու»,- նշել է նա Թեհրանում սպանված գիտնականի հրաժեշտի արարողության ժամանակ: 

Նրա խոսքով՝ գիտնականի սպանության նպատակն Իրանի հասարակությունը պառակտելն է եղել, ինչը, սակայն, դրա հեղինակներին չի հաջողվել: 

Հիշեցնենք, որ Ֆահրիզադեն, որին անվանում են Իրանի միջուկային ռումբի ծրագրի «հայր», գնդակահարվել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, լուրջ վնասվածքի հետևանքով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սպանված գիտնականը գերատեսչությանը կից հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարն է եղել և զբաղվել է երկրի դեմ միջաուկային հարվածների պաշտպանությանը վերաբերող հարցերին: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հայտնի են դարձել միջուկային գիտնական, Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մանրակրկիտ գործողության մանրամասները՝ այս երկրի ղեկավարության կողմից պնդումների ֆոնին, որ սպանության ետևում կանգնած է Իսրայելը: 

Նշվում է, որ մահափորձի վերջին փուլում ներգրավված է եղել 12 գործակալ, որոնց Ահվազեն անվանում է «բարձր որակավորում ունեցող մարդասպաններ»: Զինյալները, որոնց շարքերում 2 դիպուկահար կար, կազմում էին 62 հոգանոց դավադիր խմբի մի մասը: Իրանցի լրագրողը նշում է, որ մնացած 50 հոգին պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման համար:

Ֆահրիզադեի մեքենայի վրա հարձակումը տեղի է ունեցել Թեհրանից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Աբսարդ քաղաքի մոտակայքում: Հարձակումը պլանավորված է եղել օղակաձև ճանապարհի մոտակայքում ՝ քաղաք տանող խիտ անտառածածկ բուլվարի ներքևի հատվածում: