Կամավորականները սաղավարտ ու զրահաբաճկոն չունեին, մեր հրետանին քողարկված չէր, խրամատները ողբալի վիճակում էին, զորքը՝ ռմբակոծության տակ. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

21:01 • 02.12.20

Բանակը, հայ տղամարդը տանուլ չի տվել այս պատերազմում, մենք նախազգուշացնում էինք, որ պետք է Արցախի թիկունքում խրամատներ փորել․ Պուտինն ասում է, որ հոկտեմբերի կեսերին կարելի էր կանգնեցնել պատերազմը, այդ ժամանակ թշնամին առաջվա թափը չուներ, բայց դա չարվեց: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Ո՞ւր էին մեր խրամատները, ո՞ւր էին այն զենքերը, որով պիտի կռվեինք։ Ջաբրայիլի զորամասի մերձակայքում կարող էինք կազմակերպել խրամատների և բլինդաժների ինժեներական աշխատանքը։ Տղաների հագին սաղավարտ և զրահաբաճկոն չկար, կոշիկը պիտանի չէր։ Մեր թնդանոթներից ոչ մեկը քողարկված չէր։ Հիմա մեղքն իրար վրա են բարդում, այն դեպքում, երբ հայ զինվորը հրաշք գործեց, կգա ժամանակը, գնահատականը կտրվի։ Այս կռվից շահած պետություններին ձեռնտու չէ իրականությունն ասել»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Եղիազարյանի՝ մենք օգտագործել ենք մեր ներուժի 40 տոկոսը, ճանապարհներին անգամ ցուցանակներ չկային, զորքը չէր կողմնորոշվում տեղանքում. «Կամավորական ջոկատներից ոմանք, այո՛, նահանջել են, բայց ռազմական ոստիկանություն չկար, ոչ ոք նրանց չէր արգելում, երբ շատերին կարելի էր հետ բերել։ Նրանց չի կարելի մեղադրել։ Ջոկատներում շատերն իրար և հրամանատարին չէին ճանաչում։ Ասում էինք՝ ռեզերվային կորպուս հավաքեք։ Ստալինգրադն էր՝ երեք հոգուն՝ մի ինքնաձիգ, ամեն ինչ անկազմակերպ էր։ Մարդկանց ուղարկում էին ռմբակոծության տակ, վիրավորներին հավաքում էինք, զոհերի մարմինները մնում էին»:

Ռազմական գործչի կարծիքով՝ մեր խրամատները ողբալի վիճակում էին, բետոնապատված չէին, ինժեներական աշխատանքներն անբավարար էին. «Մեր զինվորը հիանալի է կռվել, այս խայտառակության մեղավորը մեր արտաքին քաղաքականությունն է։ Ամենամեծ թալանչուն էլ ներում կա, դավաճանին՝ երբեք։ Օլիգարխների ֆեյքերն այսօր վայրահաչում են մեր հասցեին։ Եթե Ջաբրայիլն ինձ վստահեին, ես հարձակումը կկանգնեցնեի, ինժեներական աշխատանքները կկազմակերպեի։ Երբ ԱԹՍ-ները պասիվացել էին, մենք կարող էինք բեկում մտցնել։ Մի՞թե 35 հազարից 500 հոգով չէիք կարողանում Շուշիի պաշտպանությունը կազմակերպել»:

Մանվել Եղիազարյանի պնդմամբ՝ շատ տղաներ չհասցրին նույնիսկ մեկ փամփուշտ կրակել, զինվորների դիրքերում մեծ ձագարափոսեր կան, արկերը պայթել են, բայց նրանք չեն նահանջել. «Զինվորի գլուխը բաց էր, դժվար էր։ Արցախի իշխանավորները հանել էին իրենց ընտանիքներին, թույլ էին տվել, որ ժողովուրդն էլ դուրս գա։ Երբ մտա Ստեփանակերտ, ապշեցի՝ մարդ չկար։ Մենք կռվել ենք պատվի համար։ Նույնիսկ ականներ չէինք դրել՝ թշնամու ճանապարհը փակելու։ Ինչո՞ւ ՀՕՊ-ը չէր աշխատում, միայն խոսում էիր՝ դուխով, դուխով․․․»:

«Արաբո» ջոկատի հրամանատարի պնդմամբ՝ կա՛մ Հայաստանը պետք է ղեկավարի հայրենասեր, ազնիվ և սկզբունքային մարդ, կա՛մ քաղաքացիական պատերազմն անխուսափելի է: «Այս իրավիճակը ստորացուցիչ է մեր ազգի համար։ Մեր ողնաշարը չի կոտրվել, ուղղակի մենք շվարել ենք։ Զինադադար կնքեիք, ոչ թե կապիտուլյացիա։ Առաջին կետը պետք է լիներ գերիներին ու անհետ կորածներին վերադարձնելը, նույնիսկ դրա քաջությունը չունեք։ Մենք որպես պետություն Կովկասում գոյություն չունենք, ժողովուրդը խուճապի մեջ է»,- ամփոփել է Մանվել Եղիազարյանը:



Դավիթ Սարգսյան