ՀԱՊԿ-ում ընդգծել են համաշխարհային և տարածաշրջանային հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով լուծմանն այլընտրանք չլինելու հանգամանքը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներն ընդգծում են հակամարտությունները համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բանակցային խաղաղ միջոցներով կարգավորելուն այլընտրանք չլինելու հանգամանքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ավարտին արված հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ի կանոնադրությանը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նորմերին ու սկզբունքներին հավատարիմ լինելով՝ պատրաստ ենք համատեղ աշխատանք տանել՝ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ ընկած տարածքում ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի եվրաատլանտյան և եվրասիական անվտանգության միություն ստեղծելու ուղղությամբ, ընդգծում ենք հակամարտությունների՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանն այլընտրանք չլինելու հանգամանքը, ինչպես ամրագրված է հռչակագրում, որն ընդունվել է Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Բացի, այդ ինչպես նշվում է հայտարարության մեջ, համաշխարհային և տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և բազմակողմանի հավաքական մոտեցումների հիման վրա համագործակցության միջոցով:
«Վստահ ենք, որ միայն համատեղ ջանքերով կկարողանան դիմագրավել համաշխարհային մարտահրավերներին և ապահովել մարդկության գլոբալ անվտանգություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:










