Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ավելի քան 1400 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

20:42 • 02.12.20

Ավելի քան 1400 փախստական է այսօր Երևանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ են տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունից, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 29 հազար փախստական:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: