Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի որդին հոր սպանության մասին նոր մանրամասներ է բացահայտել
Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիդաեի որդին հոր սպանության մասին նոր մանրամասներ է բացահայտել, գրում է AMN News-ը։
«Սպանությունը չի կատարվել գնդացիրից, որն իբրև տեղադրված է եղել ճանապարհի եզրին կայանված փոքր բեռնատարի վրա և կառավարվել է արբանյակների օգնությամբ, ինչպես շատերն էին պնդում», - հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասել է միջուկային գիտնականի որդին՝ Համիդ Ֆախրիդան։
Նրա խոսքով՝ մայրը սպանության պահին եղել է ամուսնու կողքին, սակայն կրակոցների ժամանակ նա չի տուժել։
«Դեպքի օրը, չնայած նրան, որ զգուշացրել էին՝ խորհուրդ չի տրվում դուրս գալ, նա հրաժարվել է և պնդել, որ պետք է գնա կարևոր հանդիպման։ Քանի որ լուրերն ու տեղեկությունները հակասական են և անբավարար, հնարավոր չէ մեկնաբանել սպանության մանրամասները: Մենք սպասում ենք հետաքննության ավարտին և ազգային անվտանգության գերագույն խորհրդի մանրամասն տեղեկություններին»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ հայրը միշտ վախենում էր իր անվտանգության աշխատակիցների կյանքի համար։
«Նա միշտ ասում էր ինձ, որ վախենում է՝ ինչ-որ բան կարող է պատահել նրանց, այդ դեպքում ի՞նչ պատասխան է տալու նրանց ընտանիքներին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիդաեն։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։
2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։










