«Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանը Պաղեստինի պետությունն է». Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար

22:17 • 05.12.20

Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունները լիովին կկարգավորի Պաղեստինի պետության հիմնադրման պայմանով, այսօր հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Ֆայսալ բին Ֆարհանը, գրում է english.alarabiya.net-ը։

ԱՄԷ-ի և Բահրեյնի՝ Իսրայելի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու որոշումից հետո լուրեր էին պտտվում այն մասին, որ շուտով Սաուդյան Արաբիան կհետևի նրանց օրինակին։ Սակայն Սաուդյան Արաբիայի համար Պաղեստինի պետությունը մնում է հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայմանը։

«Մենք միշտ բաց ենք եղել Իսրայելի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, և կարծում ենք, որ Իսրայելը իր տեղը կզբաղեցնի տարածաշրջանում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ պաղեստինցիներն ունենան իրենց պետությունը, և մենք պետք է լուծենք այդ խնդիրը»,- ասել է նա ՝ ելույթ ունենալով Մանամայում Անվտանգության հետազոտությունների միջազգային ինստիտուտի համաժողովում:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ իսրայելցիների և պաղեստինցիների վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ առանցքային նշանակություն ունի՝ հավելելով, որ «պաղեստինյան պետությունը տարածաշրջանում կապահովի իրական խաղաղություն»։