Ռուսաստանի ռազմական բժիշկները Ստեփանակերտում սկսել են հիվանդների ընդունումը
Ստեփանակերտում ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը սկսել է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում տեղի բնակչությանը օգնություն է ցուցաբերում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 բնակչի: Խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերում թերապևտները, վիրաբույժները և այլ ոլորտային մասնագետները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել շուրջ 60 բժիշկ, նրանց թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
«Նախօրեին սկսվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը Մարտակերտ բնակավայրում»,-ավելացվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










