ԱՄՆ-ն Հարավային Կուրիլների բնակիչներին ճանաչել է որպես ճապոնացի
Արդեն երկար տարիներ է, ինչ Միացյալ Նահանգները Հարավային Կուրիլներում ծնված ռուսներին համարում են Ճապոնիայի բնակիչներ: Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված գրին քարտերի խաղարկության կանոններում: Դրանց վրա ուշադրություն է դարձրել ճապոնական Hokkaido Shimbun թերթը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հաբոմայ, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիներում ծնված անձինք համարվում են Ճապոնացիներ: Հարավային Սախալինում ծնվածները համարվում են Ռուսաստանցիներ»,- ասված է Diversity Visa ծրագրին մասնակցել ցանկացողների համար նախատեսված ցուցումներում:
Diversity Visa ծրագիրն իրականացվում է 1990 թվականից և տարեկան ընտրում է 55,000 ներգաղթյալ, ովքեր կարող են ընտանիքներով տեղափոխվել ԱՄՆ: Վիզա և հետագայում գրին քարտ ստանալու համար պետք է ունենալ որոշակի մակարդակի կրթություն և անգլերենի իմացություն, ինչպես նաև հիմնավորում` ապացուցելու համար պետության «վզին նստելու» մտադրության բացակայությունը: Այն երկրների բնիկները, որոնք տարեկան ավելի քան 50 հազար ներգաղթյալ են ուղարկում ԱՄՆ, չեն կարող մասնակցել վիճակախաղին:
Ճապոնիան հավակնում է Հարավային Կուրիլյան կղզիներին՝ ապավինելով 1855 թ.-ի Առևտրի և սահմանների մասին երկկողմ պայմանագրին: Այս տարածքային պահանջները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը, որը Մոսկվան և Տոկիոն չեն ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:










