Պենտագոնից հայտարարել են, որ նոր վարչակազմին լիազորությունների փոխանցման հարցում ողջ ծավալով համագործակցում են Բայդենի անցումային թիմի հետ
Պենտագոնը ողջ ծավալով համագործակցում է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի անցումային թիմի հետ նոր վարչակազմին լիազորությունների փոխանցման հարցում, ТАСС-ի հաղորդմամբ` հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը:
Միլլերն ասել է, որ Բայդենի թիմի հետ քննարկումների առանցքում ամերիկյան ժողովրդի պաշտպանության ու անվտանգության հարցերն են:
Օրեր առաջ The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ գործող վարչակազմը համաձայնություն չէր տվել Բայդենի անցումային թիմի և Պենտագոնին ենթակա հետախուզական գերատեսչությունների և հատուկ այլ ծառայությունների ներկայացուցիչների միջև հանդիպման կազմակերպմանը:
Պենտագոնի հայտարարության մեջ, անդրադարձ կատարելով նշված հրապարակմանը, ասվում է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, սակայն գործող նախագահը պնդում է, որ տեղի են ունեցել բազմաթիվ խարդախություններ, որոնց հետևանքով իրենից հաղթանակը գողացվել է:










