ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարների նոր ջոկատ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

10:49 • 06.12.20

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ ինքնաթիռով փրկարարներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, նրանց թվում են կինոլոգներ, լեռնային փրկարարներ, կապավորներ և հոգեբաններ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով նախարարության մամուլի ծառայությանը:

«Դեկտեմբերի  6-ին Մոսկվայից թռիչք է կատարել արտակարգ իրավիճակների նախարարության  Ил-76 հատուկ ինքնաթիռը: Խումբը բաղկացած է կինոլոգներից, «Լիդեր»կենտրոնի պիրոտեխնիկներից և լեռնային փրկարարներից,  կապավորներից, Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից: Մեկնող անձնակազմը կորոնավիրուսի թեստավորում է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռը կառաքի նաև 3 ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։