«Կանադան չի ճանաչում Վենեսուելայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները»․ Կանադայի ԱԳ նախարար

12:54 • 07.12.20

Կանադայի կառավարությունը չի ճանաչում Վենեսուելայի Ազգային ասամբլեայի պատգամավորների ընտրությունների արդյունքները, քանի որ ընտրական գործընթացը չի համապատասխանել ազատ և արդար ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նվազագույն պահանջներին: Նման պնդմամբ հանդես է եկել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը։

«Կանադան չի ճանաչում Վենեսուելայում դեկտեմբերի 6 -ին կայացած ընտրությունների արդյունքները, քանի որ ընտրական գործընթացը չէր համապատասխանում ազատ և արդար ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նվազագույն պահանջներին»,- ասված է նրա հայտարարության մեջ:

Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ արդար և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու  ձգտման մեջ Օտտավան կշարունակի աջակցել Վենեսուելայի ժողովրդին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի պատգամավորների ընտրությունների արդյունքները չեն արտացոլի ժողովրդի կամքը, քանի որ քվեարկության ընթացքում, համաձայն իր պնդումների, թույլ են տրվել կեղծիքներ:

Ի պատասխան՝ Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին զոմբի էր անվանել։ 

«Զոմբին խոսեց: Չնայած, ինչպես հայտարարել է նրա ղեկավարը (խմբ.՝ Դոնալդ Թրամփը), ընտրակեղծիքներ տեղի են ունեցել ԱՄՆ ընտրություններում: Պետքարտուղար Պոմպեո, ճշմարտությունը հանգիստ և խոնարհաբար ընդունեք. Վենեսուելայում դուք լիակատար ձախողում եք ունեցել: Հույս ունենք, որ շատ շուտով դիվանագիտությունը կվերադառնա պետդեպարտամենտ և Սպիտակ տուն»,- գրել էր Վենեսուելայի ԱԳՆ-ն՝ թվիթերյան իր էջում:

Վենեսուելայում նախօրեին խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Քվեարկության արդյունքում կընտրվի 227 պատգամավոր: