«Գոլանում իսրայելական իշխանությունների կողմից ռազմական հանցագործություններ են կատարվել». Սիրիայի ԱԳՆ

18:05 • 10.12.20

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Գոլանի՝ Իսրայելի կողմից գրավված տարածքներում սիրիացի բնակչության նկատմամբ տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մասին, հայտնում է սիրիական SANA պարբերականը:

Հայտարարությունում նշված է, որ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին իսրայելական ուժերը փակել են Գոլանի սիրիական գյուղերի բնակիչների մուտքը դեպի իրենց արոտավայրեր՝ սեփական նախագծերն իրականացնելու համար: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ըստ 1949 թվականի Ժնևի կոնվենցիայի այնպիսի խախտումները՝ ինչպիսիք են հողի և ունեցվածքի բռնագրավումը և բնական ռեսուրսների հափշտակումը համարվում են ռազմական հանցագործություն և միջազգային իրավունքի խախտում:

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը մերժում և դատապարտում է իսրայելական իշխանությունների գաղութային գործելակերպը՝ որպես միջազգային իրավունքի խախտում:

Նշենք որ, այս գործողությունների հետևանքով բախումներ են տեղի ունեցել սիրիացի գյուղացիների և իսրայելական զինված ուժերի միջև, որի պատճառով վիրավորվել է ավելի քան 20 մարդ և երկուսը ձերբակալվել են Իսրայելի իշխանությունների կողմից: