«Հնդկաստանի և Ռուսաստանի միջև ներդաշնակության բացակայության պատճառը Չինաստանն է»․ Hindustan Times
Հնդկաստանում արձագանքել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության թուլացման վերաբերյալ հայտարարությանը, որը, նրա խոսքով, պայմանավորված է Նյու Դելիի վրա Արևմուտքի կոշտ ճնշմամբ, գրում է հնդկական Hindustan Times թերթը։
«Ռուսաստանը շարունակում է մտերիմ լինել Հնդկաստանի հետ, բայց ավելի ու ավելի հաճախ միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է երկրորդական շահին։ Երբ խոսքը վերաբերում է Հնդկաստանի կարևորագույն ռազմավարական խնդիրներին, ապա փոխգործակցության կրճատում է նկատվում։ Նյու Դելիի խնդիրն է կառավարել այս կարևոր երկկողմ հարաբերությունները, գերադասելի է վերանայել ռուս-հնդկական կապերը: Հնդկաստանի և Ռուսաստանի միջև ներդաշնակության բացակայության պատճառը երրորդ կողմն է՝ Չինաստանը»,գրում է թերթը։
Ինչպես նշված է հոդվածում, «Միացյալ Նահանգների հետ աճող մտերմությունը պայմանավորված է վերջին տասնամյակի ընթացքում Չինաստանի միակողմանի թշնամական գործողություններով»:
Ընդ որում, Hindustan Times-ը հավաստիացրել է, որ «Հնդկաստանը և Ռուսաստանը շարունակում են սերտորեն համագործակցել գրեթե ցանկացած դիվանագիտական ասպարեզում, որը չի շոշափում չինական շահերը»:
«Նյու Դելին մարտահրավեր է նետել ամերիկյան պատժամիջոցներին, որպեսզի Մոսկվայի հետ պահպանի իր պաշտպանական հարաբերությունները, բայց Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում Ռուսաստանի հանդեպ անխուսափելիորեն վստահության էրոզիա տեղի կունենա»,-եզրափակել է թերթը։










