Իրանը պնդում է, որ երկրի միջուկային ծրագրի ղեկավարին սպանելու համար օգտագործվել է ՆԱՏՕ-ին պատկանող զենք

16:15 • 10.12.20

Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաեին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար օգտագործված զենքը պատկանում է ՆԱՏՕ-ին: Այս մասին տեղեկացնում է almasdarnews.com կայքը:

Ռեզաին հղում է կատարել ժամանակակից տեխնոլոգիաների և արբանյակային զենքի օգտագործմանը և նշել, որ դա հատուկ զենք է, որը օգտագործել են մարդասպանները:

«Զենքը, որով սպանվել է իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն, պատկանում էր ՆԱՏՕ-ին», -ասել է նա՝ մատնանշելով, որ «վերջին տարիներին ահաբեկչական կազմակերպությունները բազմիցս փորձել են սպանել Ֆախրիզադեին, բայց նրանց ջանքերը ձախողվել են, սակայն այս անգամ՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, լազերներ և արբանյակային խելացի զենքեր ՝ նրանք կարողացել են իրականացնել իրենց գործողությունը»:

«Գնդացիրը, որից սպանվել է Ֆախրիզադեն, տեղադրվել է հենց այն ճանապարհին, որով անցնում էր գիտնականը: Այն  խլացուցիչով էր և զոհն ու նրա ընտանիքը չեն լսել փամփուշտների ձայները»,-ավելացրել է Ռեզաեին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին , Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։