«Առավելագույնը 6 ամիս կպահանջվի քաղաքն ամբողջությամբ վերականգնելու համար». Ստեփանակերտի քաղաքապետը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին

17:49 • 10.12.20

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը վերջին պատերազմից հետո ԼՂՀ այլ շրջաններից փախստականների վերաբնակեցման համար կացարանների պակաս չունի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Այո, բոլորի համար բավարար քանակությամբ կացարան կա: Բավական քանակությամբ շենքեր կան, որտեղ մենք փախստականներ ենք բնակեցնում, և միևնույն ժամանակ կառուցում ենք նոր բարձրահարկ շենքեր և բնակարաններ»,- ասել է Սարգսյանը:

Նա վստահեցրել է, որ Ստեփանակերտի ամբողջական վերակառուցման համար կպահանջվի կես տարուց ոչ ավելի:

«Առավելագույնը վեց ամիս կպահանջվի քաղաքն ամբողջությամբ վերականգնելու համար, ոչ ավել: Վեցամսյա ժամկետը պայմանավորված է ձմռան ցուրտ եղանակի, անձրևների հետ, ինչը խանգարում է աշխատանքներին»,- ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։