Բայդենն իր կաբինետի ձևավորումը մտադիր է ավարտին հասցնել մինչև դեկտեմբերի 25-ը

03:28 • 11.12.20

ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենն իր առաջ խնդիր է դրել ապագա վարչակազմի ձևավորումն ավարտել մինչև դեկտեմբերի 25-ըՙ Սուրբ Ծնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հայտնել են CNN-ի լրագրողները, որոնք ներգրավված են Բայդենի մեդիաթիմում:

Բայդենի անցումային թիմի ներկայացուցիչները հայտնել են, որ նա չի պատրաստվում ձգձել կաբինետի ձևավորման գործընթացը հունվարի 5-ին Ջորջիա նահանգում ընտրությունների երկրորդ փուլի անցկացման պատճառով, որից կախված է ուժերի ապագա հարաբերակցությունը ԱՄՆ Կոնգրեսում:

Ենթադրվում է, որ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի անունը կհայտարարվի եկող շաբաթվա սկզբին: Մնացած պաշտոնների հավակնորդների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:

Այս պահին դժվարություն է հարուցել միայն արդարադատության նախարար-գլխավոր դատախազի պաշտոնի հավականորդի ընտրության հարցը:

Ջո Բայդենը, ընտրությունների արդյունքների համաձայն, ստացել է ընտրիչների ձայների մեծամասնությունն, ինչն անհրաժեշտ պայման է ԱՄՆ նախագահ ընտրվելու համար: Դոնալդ Թրամփը թեև չի ընդունում արդյունքները, հայտարարում է դրանց կեղծված լինելու եւ իր հաղթած լինելու մասին և արդյունքները վիճարկում է դատական ատյաններում, միաժամանակ նրա վարչակազմը սկսել է Բայդենի նոր ձևավորվող կաբինետին լիազորությունների փոխանցման գործընթացը:

ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է 2021 թ. հունվարի 20-ին: