Եվրամիությունն ընդլայնում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

05:06 • 11.12.20

ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն ու կառավարությունները որոշում են կայացրել ընդլայնել պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ Արևելյան Միջերկրականում իր գործողությունների պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:

«ԵՄ-ն հավատարիմ է մնում միության և անդամ պետությունների շահերը պաշտպանելուն ու տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այս կապակցությամբ գագաթնաժողովը ԵՄ Խորհրդին կոչ է անում լրացուցիչ սև ցուցակ ընդունել 2019 թ. նոյեմբերի 11-ի որոշման հիմքով, որը վերաբերում է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ապօրինի գործողություններին»,- նշված է որոշման մեջ:

Եվրամիությունը մտադիր է Թուրքիային վերաբերող որոշումներն ու գործողությունները կոորդինացնել Միացյալ Նահանգների հետ:

Թուրքիայի հարցը հրավիրված գագաթնաժողովի առանցքային խնդիրն է եղել: Ավելի վաղ ԵՄ առաջնորդները Թուրքիային առաջարկել էին Արևելյան Միջերկրականում, Լիբիայում և Կիպրոսում միակողմանի գործողություններից հրաժարվելու և ԵՄ-ի և անդամ առաձին պետությունների, հատկապես Ֆրանսիայի և Հունաստանի հասցեին ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելու դիմաց դրական «դրական օրակարգ» ձևավորել:

Նոյեմբերին Եվրամությունը երկարաձգել էր պատժամիջոցների կիրառման ժամկետը մեկ տարով՝ մինչև 2021 թ. նոյեմբերի 12-ը: ԵՄ պատժամիջոցային ցանկում Արևելյան Միջերկրականում, մասնավորապես՝ Կիպրոսի ջրային տարածքներում հորատման աշխատանքներ կատարելու համար Թուրքիայի երկու քաղաքացի է ընդգրկված: Այդ անձինք, ԵՄ համոզմամբ, պատասխանատու են Արևելյան Միջերկրականում օգտակարգ հանածոների արդյունահանման աշխատանքների պլանավորման և կառավարման համար, որոնք Կիպրոսի կողմից չեն թույլատրվել: Պատժամիջոցները նախատեսում են սահմանափակել նշված անձանց մուտքը ԵՄ և սառեցնել նրանց բանկային ակտիվները: