Նոր պատժամիջոցների սահմանումն ամերիկյան վարչակազմի հերթական ապակառուցողական քայլն է՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ճգնաժամը խորացնելուն. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

04:43 • 11.12.20

ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը ամերիկյան վարչակազմի կողմից ապակառուցողական քայլ է՝ երկկողմ հարաբերությունների ճգնաժամը խորացնելուն, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Անտոնովը, հաղորդում է ТАСС-ը:

«Ամերիկյան վարչակազմի հերթական ոչ բարեկամական ու ապակառուցողական քայլն է, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների ճգնաժամը խորացնելուն: Ռուսաստանցի պաշտոնատար անձանց ներկայացվող մեղադրանքները մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն են և չեն դիմանում քննադատության»,- նշել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը:

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների և կազմակերպությունների դեմ մարդու իրավունքները խախտելու վերաբերյալ մեղադրանքների հիմքով:

Ամերիկյան պատժամիջոցային ցանկում «Մագնիտսկու ակտի» շրջանակներում ընդգրկվել են Չեչնիայի ղեկավարի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մարտինով Դանիիլը, Հանրապետության փոխվարչապետ Ուսմաև Վախիտը, Ռամզան Քադիրովի ներկայացուցիչ Սաբսաբի Զիյադը և Չեչնիայի այլ ներկայացուցիչներ:  

Բրիտանական պատժամիջոցային ցանկում ընդգրկվել են Չեչնիայի Արգուն քաղաքի ոստիկանապետը, Չեչնիայի ներքին գործերի փոխնախարարը և «Տերեկ» արագ արձագանքման հատուկ ջոկատը: Նրանց դեմ պատժամիջոցներ են սահմանվել ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների համար:

«Մագնիտսկու» ակտն ընդունել են 2012 թվականին, երբ պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ քաղաքացիներ, որոնց Վաշինգտոնը մեղավոր է համարում մարդու իրավունքների խախտման մեջ: Ավելի ուշ ակտը համաշխարհային օրենքի կարգավիճակ է ստացել, այսինքն, ըստ ակտի, պատժամիջոցներ կարելի է սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնց քաղաքացիները, ԱՄՆ կարծիքով, խախտում են մարդու իրավունքները: