Գերմանիան պատասխանել է Նավալնիի հարցով ՌԴ դիմումներին. լրատվամիջոցներ

13:54 • 16.01.21

Գերմանիայի իշխանությունները երբեք չեն փոխանցել Ռուսաստանին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործի վերաբերյալ բժշկական զեկույցները, բայց միևնույն ժամանակ պնդում են, որ նրանք պատասխանել են Ռուսաստանի Դաշնության չորս դիմումներին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ նման եզրահանգման է եկել լրատվամիջոցը Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչի հայտարարությունից, որն արվել է Նավալնիի՝ Մոսկվա վերադառնալու նախօրեին: 

Նշվում է՝ Reuters և DPA լրատվական գործակալություններին ուղարկված մեկնաբանություններում ԳԴՀ արդարադատության դեպարտամենտի խոսնակն ասել է, որ «ՌԴ դիմումները մշակվել են, դրանց բովանդակային պատասխան է տրվել», մինչդեռ ռուսական ԶԼՄ-ն հայտնում է՝ այս արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները չեն բացահայտում պատասխանների մանրամասները:

Գերմանական DPA գործակալությունը նշում է՝ սեփական տվյալներով «բժշկական զեկույցները չեն փոխանցվել», քանի որ անձնական տվյալներն առողջության վերաբերյալ «հատուկ պաշտպանված են գերմանական օրենսդրությամբ»: Լրատվամիջոցը գրում է, որ Նավալնիին բուժող բժիշկները պահպանել են բժշկական գաղտնիությունը, ուստի նրանք որպես վկա ցուցմունք տալ չեն կարող: