Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ, ևս մեկը վիրավորվել է
Մալիի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Մալիում ՄԱԿ-ի առաքելության զորակազմի (MINUSMA) կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ տեղի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 19.00-ին), երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կիդալ նահանգի Տեսալի քաղաքի շրջակայքում:
Նշվում է, որ այս շաբաթվա սկզբին մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Մալիի Տիմբուկտու շրջանում: Այդ ժամանակ կազմակերպության ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով զոհվել էին ՄԱԿ-ի չորս խաղաղապահներ:
Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ նոր միջադեպի ժամանակ ռումբի գործադրմամբ հարձակում է կատարվել առաքելության ավտոցիստեռնի վրա, որը ներառված է եղել նյութատեխնիկական ապահովման կազմում:










