Մեդվեդևը սոցիալական ցանցերում Թրամփի էջերի արգելափակումը «կատաղի գրաքննություն և թվային տոտալիտարիզմ» է որակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա աջակիցների օգտահաշիվների արգելափակումը սոցիալական ցանցերում կատաղի գրաքննության և թվային տոտալիտարիզմի դրսևորում է: Այս կարծիքը ՏԱՍՍ կայքում հրապարակված հոդվածում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Նա ընդգծել է, որ սոցիալական ցանցերը առանց կանոնների տեղեկատվական պատերազմ են սանձազերծել ԱՄՆ ներկայիս նախագահի դեմ: Միևնույն ժամանակ, Մեդվեդևը վստահ է, որ Թրամփի քաղաքականությունից լիովին դուրս գալու և «թվային հետքը» ոչնչացնելու դեպքում անգամ ամերիկացիների մտքում պառակտում կմնա:
Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի, հնացած ամերիկյան ընտրական համակարգը հանգեցրել է սոցիալական ցանցերի և նոր լրատվամիջոցների աննախադեպ դերին վերաբերող կարևորագույն խնդրի խորացմանը պետական քաղաքականության մեջ, հետևաբար նաև մասնավոր ՏՏ ընկերությունների խնդրի խորացմանը, որոնց պատկանում են տվյալ սոցիալական ցանցերը:
Տեղեկատվական պատերազմ ընդդեմ Թրամփի
Մեդվեդևի խոսքերով` ի տարբերություն սովորական ամերիկյան ԶԼՄ-ների, որոնց գործունեությունը կարգավորվում է օրենքով, և որոնք, թեկուզ որոշակի թեկնածուին սատարելով, այնուամենայնիվ, հեռարձակում են նրա հակառակորդի հայտարարությունները, սոցիալական ցանցերը դուրս են հատուկ կանոնակարգից և գործում են օգտագործողների համաձայնագրերի հիման վրա:
«Եվ հենց նրանք են, որ սանձազերծել են տեղեկատվական պատերազմ առանց կանոնների և պատերազմ մեկ անձի դեմ»,-շեշտել է Մեդվեդևը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ ընտրություններից հետո ձայների հաշվարկման շրջանում Թրամփի Twitter-ի հրապարակումները նախ պիտակավորվեցին որպես անվստահելի բովանդակություն, այնուհետև թաքցված էին ընթերցողների համար, իսկ Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո Միացյալ Նահանգների նախագահի հաշիվները արգելափակվել էին բոլոր սոցիալական ցանցերում, որտեղ նրա հետևոդների ընդհանուր թիվը մոտ 200 միլիոն է:
«Դա այն դեպքում, երբ Թրամփի արգելափակմանը հանգեցրած գրառումները շատ չեն տարբերվում իր հռետորաբանությունից վերջին շաբաթների ընթացքում», - նշել է Մեդվեդևը ՝ ավելացնելով, որ Թրամփից հետո արգելափակվել են նաև նրա համակիրների հաշիվները տարբեր հարթակներում, որոնք նախկինում ընկալվում էին որպես լիարժեք քննարկումների հարթակ:
ՏՏ հսկաների թելադրանքը
«Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար այսպիսի կորպորատիվ գրաքննությունն իսկապես արտառոց երևույթ է: Հարց է առաջանում, ովքեր են այդ բարձր դատավորները, ովքեր որոշել են, որ կարող են իրենց կամքով, այն կանոններով, որոնք միայն իրենց է հայտնի, և, ըստ էության, իրենց քաղաքական նախընտրություններից ելնելով երկրի նախագահին զրկել բազմամիլիոնանոց լսարանի հետ շփվելու հնարավորությունից »- շարունակել է Մեդվեդևը: Նրա խոսքերով ՝ «Թրամփը լավն է, թե ոչ, բայց նա իր երկրի քաղաքացի է և նույնիսկ պաշտոնյա, որին վստահում է ամերիկացիների գրեթե կեսը»:
«Այնպես է ստացվում, որ Կալիֆոռնիայում տեղակայված մի քանի տեխնոլոգիական կորպորացիաներ` զգալով իշխանության համը, իրենց թույլ են տվել ազատորեն շահարկել նորություններն ու փաստերը`հիմնվելով իրենց քաղաքական նախասիրությունների վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ կատաղի գրաքննություն» -ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:
Ըստ Մեդվեդևի, այդ կորպորացիաները, թելադրելով իրենց պայմանները, «սկսել են փոխարինել պետական ինստիտուտներին, ներխուժել նրանց պատասխանատվության գոտի, սկսել են ակտիվորեն իրենց դիրքերը պարտադրել հսկայական թվով մարդկանց ՝ զրկելով նրանց ընտրելու հնարավորությունից»: Իր հերթին, Թրամփի օգտին քվեարկած 75 միլիոն ընտրողներ, և նրա հարյուր միլիոնավոր հետևորդներ «ձեռնունայն են մնացել», «նրանց բնորոշել են անվստահելի»,-ասել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:
«Եվ ի՞նչ է սա, եթե ոչ թվային տոտալիտարիզմի ուրվական, որն աստիճանաբար իրենով է լցնում հասարակությունը: Զրկում է նրան (և, հնարավոր է, ամբողջ աշխարհին) տեղի ունեցողի վերաբերյալ օբյեկտիվորեն կողմնորոշվելու հնարավորությունից»,-ընդգծել է Մեդվեդևը:
Խնդիրը կմնա
«Բայց նույնիսկ եթե Թրամփը վերջնականապես հեռանա քաղաքականությունից, և ՏՏ հսկաները ջնջեն նրա թվային հետքը, մտքերի պառակտումը կմնա հրեշավոր չափերով»,-եզրափակել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Նա կարծում է, որ այս խնդրի պատճառը նույնպես հանդիսանում է «հնացած ամերիկյան ընտրական համակարգը»:










