Թուրքական բանակը գնդակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական դիրքերը

13:31 • 16.01.21

Թուրքական բանակը գնդակոծում է Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում գտնվող քրդական զինված խմբավորումների դիրքերը, հայտնում է ռուսական Военное Обозрение կայքը:

Վերջին տեղեկությունների համաձայն, թուրքական զորամիավորումը ծանր զինատեսակներ են կիրառել` Հալեպ նահանգի Ալ-Բաբ շրջանի Ալ-Առիմա բնակավայրը գնդակոծելու նպատակով:

Շրջանի քրդական վարչակազմն ասում է, որ թուրքամետ գրոհայինները փորձում են վերահսկողություն սահմանել Ալ-Բաբի և Մանբիջի միջև տեղակայված M4 կարևոր մայրուղու մի հատվածի վրա: Եվ այդ հարցում, ըստ քրդական վարչակազմի, թուրքական զորքերը փորձում են օգնել վերոնշյալ խմբավորումներին:

Այս գործողություններին հաջորդել է Սիրիայի և Թուրքիայի միջև գործող Բաբ ալ-Հաուա անցակետի աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը: Անցակետը տեղակայված է Իդլիբի հյուսիս-արևմուտքում և առավելապես օգտագործվում է թուրքական զորքերի կողմից` անձնակազմի, ռազմական տեխնիկայի, վառելիքի և զինամթերքի տեղափոխման նպատակով:

Ըստ վերջին տեղեկությունների՝ անցակետի այս ժամանակավոր փակումը պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի սահմանային շրջանում պարետային ժամ է մտցվել: Պարետային ժամ մտցնելու հավանական պատճառը է համարվում հակակառավարական զինված խմբավորումների գործունեությունը Թուրքիայում: Հնարավոր է, որ խոսքը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինված թևի ներկայացուցիչների մասին է, որոնք վերջին մի քանի օրվա ընթացքում փորձեր են կատարել հարձակվել Թուրքիայի հարավում և հարավ-արևելքում գտնվող որոշ ռազմակայանների վրա: